«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Կյանքի իմաստությունը

Կյանքի իմաստությունը
13.04.2012 | 00:00


Իվան
ԻԼՅԻՆ

Երեկ ինձ մոտ եկավ հարևանս` սիրտը թեթևացնելու։ Նա նստեց մի կես ժամ, երկար զբաղվեց իր ծխոտված ծխամորճով ու միայն գնալիս պատմեց ամենակարևորի մասին։

«Հայրս շատ բարի էր։ Նա վաղուց է վախճանվել, սակայն հենց հիշում եմ նրան, հոգիս լցվում է ջերմությամբ և լույսով։ Նա դերձակ էր, գործի մեջ` վարպետ. այնպես էր կարում զգեստը, ասես պատկեր լիներ։ Նրա մոտ հարևան քաղաքներից պճնամոլներ էին գալիս ու միշտ մնում էին չափազանց գոհ։ Առաջին հայացքից ոչ մի երևելի բան չկար, իսկ եթե ուշադիր զննեիր, պարզապես արվեստի մի գործ էր։ ՈՒ միշտ նա ցավում էր բոլոր մարդկանց համար։ Հաճախ կար անելիս ինչ-որ տխուր բան էր երգում քթի տակ, իսկ հետո մեկ էլ կասեր. «Լավ չէ, երեկ հարևանները Միտրևնային անտեղի՜ նեղացրին, բոլորը նրա առաջ մեղավոր են», կամ էլ` «Պյոտր Սերգեևիչը տոնակատարությանը հագնելու բան չունի, հարկավոր է մի բան կարել նրա համար»։ ՈՒ շարունակ կարում էր կամ էլ հուզվում էր ու սկսում ինձ պատմել «գործվածքի» մասին, ու երբեք չէր ասում «կտոր» կամ «մահուդ», այլ միայն` «գործվածք»։ Տղաս, ասում էր, նայիր մարդկանց։ Չէ՞ որ բոլորս մի «գործվածք ենք»։ Դե՛ տես, յուրաքանչյուր թել հպվել է մյուսին և պահում է այն. բոլորը միահյուսվել են միմյանց, բոլորը միասին միասնություն են։ Դուրս քաշիր այս լաթից մի թել, և ամբողջ գործվածքը կվնասվի։ Եթե թեկուզ մի թել անհաջող դուրս եկավ, բարակեց կամ պոկվեց, այդ դեպքում ամբողջ կտորը դառնում է խոտան։ Ոչ մի լավ վարպետ այդպիսի «հիվանդ» գործվածք չի վերցնի, ոչ մի պատվիրատու նույնիսկ չի նայի դրան։ Այնպես որ, ընտրելիս ամեն ինչ անում եմ, որ հանկարծ վնասված գործվածք չհայտնվի ինձ մոտ։

Մարդկանց հետ էլ այդպես է։ Աշխարհն Աստծո կողմից այնպես է կարգավորված, որ բոլորս մի ամբողջական գործվածք ենք։ Բոլորս փարված ենք միմյանց, բոլորս պահում ենք միմյանց, ու եթե մեկը վատ է, ապա մյուսներն էլ լավ չեն, իսկ մարդիկ դա չեն հասկանում, որովհետև անմիտ են ու կարճատես։ Մտածում են. «Ինձ ի՞նչ, երբ ես լավ եմ»։ Բայց փաստորեն, այդպես չէ։ Եթե որևէ մեկը վատ է զգում, ապա նա տառապում է ու հիվանդանում, և տանջանքը տարածվում է ամենուրեք։ Ման է գալիս խոժոռված և բոլորին դարձնում մռայլ։ Նրա անհանգիստ վիճակը խախտում է մնացածի հանգստությունը։ Նրա վախը զայրացնում է բոլորին։ Մարդիկ սկսում են չարանալ, չվստահել, նեղացնել, վիճել։ ՈՒ բոլորը զգում են, որ այդ ամենը նրա պատճառով է, ու դրա համար էլ բարկանում են նրա վրա։ Եվ նա կռահում է դա, երես է դարձնում, ամփոփվում իր մեջ, գազազում։ Նրան սե՛ր է պետք, իսկ մարդիկ զայրանում են նրա վրա։ Ոչ ոք չի տեսնում նրա տառապանքը, տեսնում են միայն նրա մռայլությունը, դաժանությունը, կռվազանությունը և չեն սիրում նրան... Եվ կտրվում, պատռվում է գործվածքը, կարքանդ լինում։ Հարկավոր է շտապ կարկատել այն, բայց ոչ ոք գործի չի անցնում։ «Ինձ ի՞նչ, ում հետ պատահել է, թող նա էլ կարկատի»։ Պատռվածքը գնալով մեծանում է, և գործվածքը փչանում է։ Իսկ կարկատել, նորոգել հնարավոր է միայն սիրով` «քո դժբախտությունն իմ դժբախտությունն է»։

Հետո հայրս ասում էր` տնտեսությունում էլ է այդպես։ Աղքատ մարդը ոչ միայն ինքն է չքավոր, այլև խղճալի է դարձնում ուրիշներին, որովհետև աղքատը բոլորին անհանգստացնում է, իր տանջանքի մասին է խոսում, իր խոցերն է ցույց տալիս։ Որտեղ դժբախտություն կա, այնտեղ այն դառնում է ընդհանուր. որտեղ սով է, այնտեղ բոլորի համար հացը դառն է։ Գործազուրկը միայնակ չի թափառում, մենք հիվանդ ենք նրա ցավերով։ Դա նույնն է, ինչ ատամի ցավը. եթե ցավեց, մարդն արդեն խուճապի մեջ է։ Չունևոր մարդը, անհաջողակը կամ հարբեցողը տարածում է չորսբոլորը սեփական դժբախտությունը, բոլորին դիպչում է, բոլորին ճնշում։ Եվ նորից ամբողջ գործվածքը փչանում է, ու հարկավոր է հնարավորինս շտապ կարկատել, լցնել բացվածքը։ Որտեղ դու չես կարողանա, ես կօգնեմ քեզ, որտեղ երկուսով չենք կարողանա, ուրիշները կօգնեն։

Հայրս շատ սրտացավ մարդ էր։ Նա օգնում էր բոլորին, ամեն հարցում, ինչով կարող էր։ «Ես,- ասում էր,- վերանորոգումով էի զբաղված, մի լաթ էլ կարկատեցի»։ Եվ այսպես էր անում հաճախ` հավաքում էր կտորի մնացորդները, լինում էր, որ պարզապես խնդրում էր պատվիրատուից զգեստից մնացած ավելցուկները, ու պտտում էր դրանք, դասավորում, կազմում, հարմարեցնում, շատ ճարպիկ էր։ Հետո սկսում էր կարել։ Եվ այդ պահին արդեն ուրախ երգեր էր երգում։ Մեկ էլ կտեսնեիր` մի բաճկոն կամ տաբատ ստեղծեց։ Իսկ երբեմն մի ամբողջ զգեստ խնամքով կփաթաթեր ու կտաներ որևէ աղքատի։ Եվ կկարգադրեր նրան ոչ մեկին չպատմել այդ մասին։ ՈՒ միայն մենք էինք ընտանիքում հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Իսկ ինչպե՜ս էին նրան սիրում։ Գալիս էին և՛ խորհրդի համար, և՛ պարզապես լաց լինելու։

Հարստանալ նա չէր ցանկանում, ասում էր, որ դա անիմաստ է։ «Ինքներդ ապրուստի միջոց կգտնեք»։ Ի՞նչ ժառանգություն։ Այ, երբ խոսում էր գործվածքի մասին, դա արդեն ժառանգություն էր։ Իսկ երբ զգաց, որ մահը մոտենում է, կանչեց ինձ ու ասաց. «Հեռանում եմ, տղա՛ս։ Մի՛ տխրիր։ Մենք բոլորս Աստծո գործվածքում թելեր ենք, ու քանի դեռ ապրում ենք երկրի վրա, պետք է այդ գործվածքը փայփայենք ու ամրացնենք։ Հիշո՞ւմ ես Փրկչի պատմուճանը. այն կարած չէր, ամբողջական էր, ամբողջովին հյուսված վերևից ներքև։ Այդ պատմուճանը մենք պետք է միշտ հիշենք։ Մենք բոլորս նրա թելերն ենք ու մեռնելիս կոչված ենք ներաճելու նրա մեջ։ Հիշի՛ր նրա մասին։ Դա Աստծո գործվածքն է։ Փայփայի՛ր այն երկրային կյանքում` ամեն մի թել ամրացրո՛ւ, եղիր փութաջա՛ն։ Միշտ ակա՛նջ դիր սրտիդ։ Ինչի մասին նա հոգոց հանի, դա՛ էլ կատարիր։ ՈՒ ամեն ինչ լավ կլինի»...

ՈՒ գիտե՞ք, ինձ թվում է` նա իրավացի էր։ Մենք բոլորս մի գործվածք ենք։ Եվ ես զգում եմ, որ դրանում է թաքնված կյանքի իմաստությունը»։

Տպագրության պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ